Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իսկ ի՞նչ գործ ունեին նրանք ՀՀԿ-ում

Իսկ ի՞նչ գործ ունեին նրանք ՀՀԿ-ում
03.02.2017 | 10:57

Հայաստանում տեղի են ունենում հարկադիր պաշտոնափոխություններ՝ «Նախկինները դառնում են ներկա, երբ ներկաներն արդեն նախկին են» սկզբունքով: Հերթական անգամ համոզվում ես՝ երկիրդ փոքր է, ամեն մարդ հաշվված է, թանկագին ոչ մի փոշեհատիկ չպիտի կորչի, եթե դա ոսկեփոշի է: ՀՀԿ-ից շարունակվում է արարատցիների արտահոսքը. Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների գյուղապետերը դուրս են եկել ՀՀԿ-ից: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը փաստը հաստատել է: Հետաքրքիր է՝ կմնա՞ն նրանք գյուղապետ: Հրաժարականները կապվում են ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու հետ:

Նրանք միակը չեն՝ 13 հանրապետականներ էլ են հեռացել՝ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, ազգականներ՝ ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ: Փաստորեն ինքնաբուխ զտում է կատարվում իշխող կուսակցության մեջ՝ Հովիկ Աբրահամյանի «բանակը» զորացրվում է՝ առանց պարզաբանումների: Իհարկե, պաշտոնյաները տեղնուտեղը փոխարինվում են՝ Արարատն արդեն նոր մարզպետ ունի՝ Արամայիս Գրիգորյան, մարզային կառույցը նոր ղեկավար՝ Ալիկ Սարգսյան: Բայց խնդիրը հին ու նոր՝ այս դեպքում նախկինի նախկին, պաշտոնյաների փոխատեղումը չէ: Փաստացի՝ ապացուցվում է, որ մարդիկ իշխող կուսակցությանը անդամակցում ու անդամակցությունը դադարեցնում են՝ բնավ էլ նրա գաղափարները կիսելու ու այլևս չկիսելու պատճառով՝ այս ընթացքում ՀՀԿ-ն իր գործունեության որևէ ուղենիշ չի փոխել: ՀՀԿ մտել ու հիմա դուրս են գալիս մի խումբ կարիերիստներ, որոնց կենսագրության մեջ կուսակցությունը եղել է ցատկահարթակ, բայց դա իրենց մեղքը չէ, այդպես է ընդունված՝ եթե դու ՀՀԿ անդամ չես կամ չունես ազդեցիկ հովանավոր ՀՀԿ-ում, դու առաջընթացի շանս չունես:


Ինչո՞ւ են նրանք զորացրվում՝ նոր զորահավաքի համա՞ր, թե կռիվն ավարտվեց:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հեռանում է ՀՀԿ-ից, բայց մնում է քաղաքականության մեջ: Ձևաչափն ու կարգավիճակը անհայտ են: Հովիկ Աբրահամյանը, հակառակ սպասելիքների, չի շտապելու: Նա շտապելու տարբերակ չունի՝ լավ հիշում է՝ ինչպես ՀՀԿ-ն արձագանքեց Գագիկ Ծառուկյանի «ապստամբությանը»: Կրկեսը փակելու ինչ «ծրագիր» ներկայացրեց ՀՀ նախագահը, որի մի մասն էլ ինքը պիտի իրագործեր, իբրև վարչապետ, ինչպես էր պարբերաբար լրագրողներին տեղեկացնում, որ հրահանգ է տրված Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության օրինականությունն ուսումնասիրել: ՈՒսումնասիրության արդյունքները այդպես էլ անհայտ մնացին: Գործող վարչապետը նման հրահանգը կկատարի դրայվով: Գործնականում Հովիկ Աբրահամյանը հիմա սպասում է, թե ինչ քայլեր են հետևելու իր հեռանալուն, որ ըստ այդմ որոշի իր անելիքը: ՀՀԿ-ն գործի կդնի՞ պատժիչ լծակները՝ կսկսվե՞ն ստուգումներ իր բիզնեսում: Ի՞նչ ընթացք կունենան ստուգումները: Կուստոմսի հետ բիզնես կայսրությունը կհայտարարվի՞ անվավեր, թե՞ ռուսական դեսանտ կիջնի ու իրեն, ինչպես ժամանակին Գագիկ Ծառուկյանին, կփրկի: Գուցե Մոսկվա հենց այդ դեսանտի հավանականությունը ստուգելու համար էր գնացել:


Մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ն է սպասում, թե ինչ քայլեր է Հովիկ Աբրահամյանն անելու՝ արժի՞ ունեզրկել, թե՞ մնա, որ առավել վտանգավոր չդառնա: Երկուստեք սպասումը, սակայն, չի կարող շատ երկար տևել: Ընտրություններից հետո կպարզվի և նրա ճակատագիրը: Ինչո՞ւ ընտրություններից հետո: Որովհետև հենց ընտրություններից հետո են գրվելու շատ նախկին ու ներկա պաշտոնյաների ճակատի գրերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հազիվ թե Հովիկգեյթի պատճառով ՀՀԿ-ն փոխի քաղաքականությունը ու սկսի գնահատել իր անդամների բուն նպատակներն ու քայլերը: ՀՀԿ-ն հիմա խնդիր ունի՝ կանխել նախկին կուսակցի հայտնի ու չբացահայտված համախոհների իր դեմ քայլերը, ապացուցել, որ ընտրություններում իր «խփած» տոկոսները առանց Հովիկ Աբրահամյանի էլ կխփի, ու անցնել առաջ:
Ընդդիմադիրի կարիերա Հովիկ Աբրահամյանի համար չի ստացվում՝ Սամվել Բալասանյանը իր ճակատից ՕԵԿ-ը ջնջեց, Հովիկ Աբրահամյանի «ջնջումը» չի ստացվում, ինչպես ջնջեց, բայց ընդդիմադիր չդարձավ Սամվել Բալասանյանը՝ անկախ իրեն ինչ է հայտարարում ԲՀԿ-ն:

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ